Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Ջոն Կիրակոսյան. Մի դրվագ

Ջոն Կիրակոսյան. Մի դրվագ
21.03.2022 | 07:22

Ամառ էր: Ճանաչողական այցով Երևան էր ժամանել ԽՍՀՄ-ում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Արթուր Հարթմանը: Ինձ հանձնարարված էր լուսաբանել նրա ծրագրում ընդգրկված հանդիպումներից մի քանիսը:


Առաջին հանդիպումը Հայկական ԽՍՀ արտաքին գործերի նախարար Ջոն Կիրակոսյանի հետ էր: Մեր նկարահանող խումբը արտգործնախարարությունում էր առավոտյան 9-ից մի կես ժամ առաջ: Նույնիսկ նախարարը դեռ չէր եկել: Իր հարկաբաժին մտավ այն ժամանակ, երբ սարքավորումներն արդեն տեղադրել էինք:
Ջոն Կիրակոսյանը հետաքրքրվեց, թե դեսպանի ծրագրի էլ ինչ միջոցառումներ ենք լուսաբանելու: Ես նրան մեկնեցի ծրագրի տպագիր օրինակը, որի վրա, ՀԿԿ Կենտկոմի ինֆորմացիայի և արտասահմանյան կապերի բաժնի ցուցումով, նշված էին լուսաբանման ենթակա հանդիպումները. ԱԳՆ-ից հետո` կառավարություն, հետո` Գերագույն խորհրդի նախագահություն:


Մյուս միջոցառումներից նկարահանվելու էին Անհայտ զինվորի գերեզմանին պսակ դնելու արարողությունը և գրքերի նվիրատվությունը Երևանի պետհամալսարանի գրադարանին:
-Եղեռնի հուշարձանին ծաղիկ դնելը չե՞ք նկարում,-հարցրեց Ջոն Կիրակոսյանը:
Ես ասացի, որ նման հանձնարարություն չունենք:
Նախարարը, ծրագիրը ձեռքին, մտավ իր առանձնասենյակ, որի դուռը բաց էր, և ինձ էլ հրավիրեց նստել: Զանգահարեց:
-ԱՄՆ-ի դեսպանը ծաղիկ է դնում Եղեռնի զոհերի հուշարձանին, և դուք դա չե՞ք ուզում նկարահանել,-դողացող, բայց խիստ ձայնով հարցրեց Ջոն Կիրակոսյանը:
Ձայնն աստիճանաբար բարձրացավ այնքան, որ ես վեր կացա տեղիցս և կամաց դուրս եկա առանձնասենյակից: Բայց դռնից լսվում էր Ջոն Կիրակոսյանի ամեն մի բառը.
-Թող տեսնե'ն,-որոտում էր նախարարը,-թուրքերը թող տեսնեն, որ աշխարհի հզորագույն երկրի արտակարգ և լիազոր դեսպանը Ծիծեռնակաբերդ է այցելում և ծաղիկ է դնում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Ըստ երևույթին, զրուցակիցն անկարող էր առարկել, քանի որ Կիրակոսյանը մոտեցավ մեր խմբին, ծրագիրը մեկնեց ինձ և ժպտալով ասաց.
-Կարող եք նկարահանել և ցույց տալ:
Այդպես էլ արեցինք:


Կարլ Յալանուզյան

Դիտվել է՝ 18331

Մեկնաբանություններ